Երևանի օրը սահմանամերձ Ոսկեվանում

v2

Հարգելի´ հայրենակիցներ Հոկտեմբերի 11-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հերթական միջոցառումն էր  կազմակերպել, այս անգամ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Օրը պատահական չէր ընտրվել: Երբ Երևանում նշում էին քաղաքի հիմնադրման 2797-ամյակը, նախաձեռնության անդամները գտնվում էին սահմանամերձ գյուղում` քաջ գիտակցելով, որ հայրենիքը սկսվում է սահմանից, և Հայաստանը միայն Երևանը չէ:

v3 v6

Նախաձեռնությունը Ոսկեվանի և Բաղանիսի թիմերի միջև անցկացրեց սպորտլանդիա, որը հմտորեն վարեց համակարգող խմբի անդամ Լեւոն Զաքարյան: Սպորտլանդիան անցավ տոնական տրամադրությամբ, երկրպագուների գոռում-գոչյուններով, փուչիկներով զարդարված դահլիճում: Մասնակիցները ուժ ու եռանդ չխնայեցին հաղթողի կոչումը նվաճելու համար: Մրցման ավարտից հետո հաղթանակած «Ոսկեվան» թիմը ստացավ մեծ գավաթ, պատվոգիր և սպորտային գույք, 2-րդ պատվավոր տեղը զբաղեցրած «Բաղանիս» թիմը` փոքր գավաթ, պատվոգիր և սպորտային գույք:Պետք է նշել, որ սպորտային գույքը ձեռք է բերվել նախաձեռնության անդամների դրամական նվիրատվությունների հաշվին:

v5 v4

Ոսկեվան էր մեկնել ՇԱՎԻՂ կրթամշակութային նախաձեռնությունը, որը կազմակերպեց ազգային պարերի բաց դաս և ուսուցում: Պետք էր տեսնել, թե «Շավիղի» պատանի անդամները ինչ մեծ ոգևորությամբ ու սիրով կատարեցին իրենց գործը` ձեռք ձեռքի պարելով սահմանը հսկող մեր հայրենակիցների հետ:

Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից Ադրինե Ադամյանը , ով ամսի 10-ի լույս 11-ի գիշերն էր ժամանել Երևան, նախընտրեց նախաձեռնության հետ մեկնել Ոսկեվան և նվերներ հանձնել տեղի դպրոցին, մանկապարտեզին, ինչպես նաև Բաղանիսի դպրոցին: Նա նվերներ ուներ նաև վերջերս եռյակով համալրված ընտանիքի, ինչպես նաև գյուղի բուժկետի համար: Նրա համար ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր:

v1

Ձեռագործ աշխատանքների համար նախատեսված պարագաներ էր նվիրել Ruzin Tovmasը` հուլունքներ, ասեղներ, թելեր և այլն, որոնք հանձնվեցին Ոսկեվանի գեղարվեստի դպրոցին:

Ոսկեվանի մանկապարտեզին նվերներ էր ուղարկել Marine Baghiryanը` գիպսե արձանիկներ, դրանք գունավորելու համար վրձիններ ու ներկեր:

Տիկին Անահիտ Բախշյանը,ով քաջատեղյակ է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության գործունեությանը և ամեն կերպ քաջալերում է նրանց, ևս իր ներդրումն ունեցավ: Եռյակ ունեցած ընտանիքին նվիրեց հագուստ և 20.000 դրամ:

Տեղի բնակիչները ևս անմասն չմնացին օրվա տոնակատարությունից: Ոսկեվանի բնակիչ Anichka Grigoryanը իր ձեռքով պատրաստած համեղ կարկանդակներ ու իր այգու խաղողից հյուրասիրեց նախաձեռնության անդամներին` մթնոլորտը ավելի ջերմ ու ընտանեկան դարձնելով:

Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ իրականություն դարձավ մեկ գեղեցիկ միջոցառում ևս:
Մենք ուժեղ ենք միասին:

comments