Թիկունքից աջակցությունը հասավ առաջնագիծ (Լուսանկարներ)

12998640_1097971290226123_8874970046685622592_n

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում տեղի էր ունենում «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագծին» ակցիան, որի նպատակն էր ցույց տալ թիկունքի միասնականությունը և կապ հաստատել առաջին գծի հետ։ Սահմանային լարվածության մասին լուրն ստանալուն պես արագ որոշեցինք թիկունքից օգնություն կազմակերպել առաջնագիծ: Անմիջապես իվենթ բացեցինք, որին մեր սպասածից էլ արագ ու շատ մարդիկ միացան: Իրերի հավաքագրման օրը Մաշտոցի պուրակում պայմանավորված ժամից մի քանի ժամ շուտ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ մեր նախաձեռնության մշտակից աջակիցներ, անծանոթներ ու ուղղակի մտահոգ քաղաքացիներ:

12931111_1307162875966761_6089895673431834007_n 1

Քաղաքացիներն իրենց հետ բերել էին զինվորների համար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր, սեփական ձեռքով պատրաստված թխվածքաբլիթներ, երկար ժամանակ ու նվիրումով հավաքած կասսա (հայերենը չգիտեմ), նամակներ ու լի՜քը սեր ու ջերմություն: Հենց տեղում, առանց համակարգողներիս ներգրավման, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ստեղծեցին խմբեր, համապատասխան խմբերը սկսեցին ստուգել բերված իրերը, փաթեթավորել արկղերի մեջ՝ վրան գրելով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու սիրառատ խոսքեր մեր սիրելի զինվորներին:

1 2

Մեր համաքաղաքացիները նաև իրենց հոգատարությունը դրսևորվեցին Արցախից տարհանված ընտանիքներին՝ բերելով նրանց համար հագուստ, սնունդ ու այլ իրեր: Սակայն սրանով ամեն ինչ չեզրափակվեց, մեզ միացան քաղաքացիներ հարևան քաղաքներից ու մարզերից ու հայեր աշխարհի տարբեր երկրներից: Միասնության ու փոխօգնության մթնոլորտը վարակիչ էր ու անչափ հուսադրող. նման միասնականությունը մեր հաղթանակներիի գրավականներից է եղել ու լինելու է միշտ:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեցին մեծ քանակությամբ տարբեր տեսակի իրեր՝ սնունդ, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ և այլն․․․։
Առաջին խմբաքանակը 3 ֆուռ տեսակի մեքենաներով, ապրիլի 6-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 9-ին, ԱԻՆ-ի ուղեկցությամբ 6 Ուրալ մեքենայով, որոնցից 3-ը մեր հավաքագրած իրերն էին, հասցրինք Արցախ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկու դեպքում էլ ամբողջ հավաքվածը անձամբ փոխանցել ենք առաջին գծի զինվորներին և զորամասերին։
Ապրանքները հասցվել են Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Մադաղիսի, Ասկերանի, Իվանյան (Խուջալու), Բալուջայի, Եղնիկների, ինչպես նաև ճանապարհի ընթացքում դաշտային վայրերում հանդիպած տարբեր ստորաբաժանումների զինվորներին և գնդակոծության ենթարկված Սեյսուլան գյուղի քաջարի բնակիչներին, որոնցից շատերը զրկվել են անգամ իրենց տներից:
Արցախում ականատես եղանք մեր զինվորների բարձր մարտական պատրաստվածությանը , ոգեղենությանը , որն ակամայից փոխանցվում էր յուրաքանչյուրիս: Այն ոգին, որով իրենք պատրաստ էին կռվելու, կործանման կհասցնի ցանկացած թշնամու։ Մեր տղաները պատրաստ էին կռվելու ամեն մի թիզ հողի համար , այսօր այլևս չկա զիջող հայի տեսակը , այսօր այլևս չկա եղեռն ապրող հայը , այսօր մենք ունենք հզոր , չզիջող ու հաղթող երիտասարդություն, որը անպայման տեր է կանգնելու իր երկրին։
Այն 18 տարեկան տղաները, որոնց մասին մենք հաճախ խղճահարությամբ էինք խոսում, մեզ ապացուցեցին , որ իրենք պատրաստ են ցանկացած կռվից հաղթող դուրս գալու , որ իրենք ունեն մեծ փորձառություն, և դրա շնորհիվ է , որ հայ մայրն իրեն հերոսի մայր է զգում, իսկ հայ կինը միայն հերոսներ է ծնում։
Շատ արկղերի մեջ եղել են նամակներ, երկրորդ այցելության ընթացքում նույնիսկ հնարավոր է եղել հետ բերել զինվորների պատասխան նամակները։
Մենք ուժեղ ենք միասին։

comments