Տոնական միջոցառում սահմանամերձ Ոսկեպար գյուղում։

Հարգելի՛ հայրենակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հերթական տոնական միջոցառումը կայացավ սահմանամերձ Ոսկեպար գյուղում: Մանկական ամանորյա ներկայացումը սիրով բեմադրեց «Էլ -մար» թատերախումբը` գեղարվեստական ղեկավար Արմեն Դալլաքյանի ղեկավարությամբ: Ներկայացմանը մասնակցեցին նաև Ոսկեվանի, Դովեղի և Բարեկամավանի մանկահասակ եւ դպրոցահասակ երեխաները: Բոլոր երեխաները՝ թվով մոտ 250 հոգի, ստացան ամանորյա նվերներ՝ ըստ իրենց տարիքային նախասիրությունների: Նվերները հերթական անգամ պատրաստել էին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի երեխաները , << Կենաց տուն>> կազմակերպության փոքրիկների ձեռքերով պատրաստված տիկնիկներն ու տոնածառի խաղալիքները, և այս նվերներին մենք էլ հավելեցինք զարգացնող, ուսուցողական ու ժամանցային խաղեր : Երեխաներին իր ներկայությամբ տոն պարգևեց Ձմեռ պապին, ում շնորհիվ ամանորյա հեքիաթը իրականություն դարձավ: Մեծ երջանկություն է տեսնել սահմանաբնակ փոքրիկների՝ ուրախությունից և հուզմունքից փայլող աչքերը, լսել ուրախ ծիծաղը, ականատես լինել նրանց երգ ու պարին: Թատերական ներկայացումից հետո դերասանները երեխաներին ուրախացրին «Տիկնիկների մոլորակ» խմբի կողմից տրամադրած հեքիաթային կերպարներով ՝ առավել լիարժեք դարձնելով նրանց օրը :
Գյուղերի դպրոցները ևս անմասն չմնացին տոնական նվերներից. նրանց տրվեց մեծ քանակությամբ սպորտային գույք՝ ըստ անհրաժեշտության:
Այս ամենը հերթական անգամ հնարավոր եղավ կազմակերպել ձեր անմիջական աջակցության շնորհիվ. ձեր ամենամսյա դրամական փոխանցումները թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից մեր նախաձեռնության հաշվեհամարին, ակտիվ մասնակցությունը տոնական աճուրդին, ու դրանից ստացված ամբողջ գումարը «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանը հնարավորություն տվեցին իրականացնելու մի գեղեցիկ տոնական միջոցառում ևս: Շնորհակալություն բոլորիդ:
Միասին մենք ուժեղ ենք:

comments