«Բարդեր» ակումբը սահմանամերձ Պառավաքարում և Բերդի զորամասերից մեկում

p4

Հարգելի´ աջակիցներ. նոյեմբերի 14-15-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ջանքերով Տավուշի մարզի Պառավաքար գյուղում և Բերդի N համարի զորամասում իրականացվեց բարեգործական համերգ, որին մեծ սիրով և պատրաստակամությամբ համաձայնեցին մասնակցել և իրենց համերգային հագեցած ծրագրով ներկայացան Բարդերի ակումբի երաժիշտները: Ողջ այցելության և մասնավորապես համերգի ընթացքում թե՛ Պառավաքարի բնակիչների և թե՛ Բերդի զորամասի զինվորների շրջանում տիրում էր սիրո և ջերմության մթնոլորտ: Այս միջոցառումներով Պառավաքար գյուղում կառուցվելիք խաղահրապարակի կառուցմանն ուղղված դրամահավաքի մեկնարկի սկիզբը դրվեց:

p5

Համայնքի հոգևոր առաջնորդ՝ տեր Արամի և Պառավաքարի գյուղապետի հետ համատեղ որոշվեց նախատեսվող մանկական խաղահրապարակի կառուցման վայրը: Կարևոր է, որ այն կլինի մի վայրում, որը պաշտպանված է նենգ թշնամու կրակահերթերից, անվտանգ է երեխաների խաղաղ մանկության համար: Միջոցառման իրականացման մեջ իր անփոխարինելի և առանձնահատուկ աջակցությունը ցուցաբերեցին ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, Բերդ քաղաքի «Մշակույթի տուն» հասարակական կազմակերպության ղեկավարությունը, ով երկու օր շարունակ անշահախնդիր կերպով տրամադրեց երաժշտական տեխնիկան, համայնքի բնակիչները: Այնուհետև բոլորս միասին Բագրատ սրբազանի առջնորդությամբ այցելեցինք գեղատեսիլ Նոր Վարագավանք հայկական վանական համալիր, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք` բարձր ժայռի վրա` անտառապատ լեռներով շրջապատված։ Այն համարվում է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Որից հետո այցելություն կազմակերպվեց Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, որը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում` «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։

p1 p
Այսպիսով, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, Բարդերի ակումբը և «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքերով մեկամսյա ժամկետում հավաքագրել նախնական հաշվարկով 700.000 ՀՀ դրամ և խաղահրապարակի տեղադրման համար իրականացնել ևս մեկ այցելություն նշված վայր: Այցելության արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև պատրաստակամություն` նշված ու հարակից բնակավայրերում տարատեսակ միջոցառումների անցկացման համար:

Միշտ հիշենք`
Մենք ուժեղ ենք միասին