Էքսկուրսիա ներքին Կարմրաղբյուր և Այգեպար գյուղերի երեխաների համար

12hokt

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ձևավորվել է այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին` հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակից հետո: Նախաձեռնությունում հավաքվել են մտահոգ մարդիկ, որոնք ցանկանում են ինչ-որ օգտակար բան արած լինել` մեր պետության սահմանին մոտ բնակվող մարդկանց հոգսերը մի քիչ թեթևացնելու և նրանց առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այդ նպատակով մենք` խմբի անդամներս, այցելել էինք Տավուշի մարզի մի քանի գյուղեր` տեղում առավել հրատապ խնդիրները արձանագրելու համար: Այդ խնդիրների մասին մեկ ամիս առաջ նամակներ ենք գրել ՀՀ վարչապետին և համապատասխան նախարարներին: Պատասխանին դեռ սպասում ենք:

Այնուհետև նախաձեռնության անդամներս որոշեցինք գեղեցիկ և հագեցած մեկ օր նվիրել սահմանամերձ գյուղերի երեխաներին: Քանի որ վերջիններս տարբեր պատճառներով անգամ իրենց մարզի տեսարժան և պատմամշակութային վայրերում երբևէ չէին եղել, քննարկումների արդյունքում որոշեցինք կազմակերպել ճանաչողական էքսկուրսիա Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի աշակերտների համար:

Եվ ահա, հոկտեմբերի 12-ին մենք `նախաձեռնության մի քանի անդամներս, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցից 22 աշակերտներ ուղևորվեցինք դեպի Տավուշի մարզ, որտեղ մեզ միացան Այգեպարից ու Ներքին Կարմիրաղբյուրից 40 աշակերտ, ու բոլորով միասին գնացինք նախ` Հաղարծին, հետո` Գոշավանք: Մինչև նշված վայրեր այցելելը, երեխաները Տավուշի չքնաղ բնության գրկում նախաճաշեցին, հետո ծանոթացան միմյանց հետ, սովորեցին հայկական ավանդական մի քանի պար, ինչը էլ ավելի համախմբեց ու մտերմացրեց երեխաներին: Արդեն Հաղարծինում ու Գոշավանքում աշակերտները ծանոթացան վանքերի պատմությանը, ստացան տեր հայրերի օրհնությունը, միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության համար, հետո հաղթական երգեր երգեցին, ազգային պարեր պարեցին, ազգային խաղեր խաղացին, շփվեցին իրար հետ: Մի խոսքով, շատ լավ օր ստացվեց թե´ երեխաների, թե´ կազմակերպիչներիս համար:

12hokt 333 10447627_851041788273633_6449782004581142679_n hokt

Տուն վերադարձանք հոգնած, բայց շատ գոհ ու ոգևորված՝ լցված նոր մտահղացումներով ու գաղափարներով: Էքսկուրսիայի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մտահոգ քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին նախաձեռնության կողից իրականացվող դրամահավաք-ակցիային, ինչի շնորհիվ հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ գումար` երեխաների սննդի ու ճանապարհածախսի համար: Շնորհակալություն նաև «Պարենք հայերեն» նախաձեռնությանը՝ օրը ազգային երգով ու պարով լի դարձնելու համար, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին՝ երեխաների նվերների, ֆինանսական ներդրումների և ակցիային միանալու պատրաստակամության համար, «Կարաս» ազգային սննդի ցանցին՝ երեխաներին սնունդ տրամադրելու համար, «Ոսկե հատիկ» ընկերությանը՝ թխվածքաբլիթներ տրամադրելու համար և այլ աջակցություն ցուցաբերողներին:

Մենք` «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներս, սա համարում ենք մեր միասնականությունը ևս մեկ անգամ հաստատող կարևոր քայլ ու վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք: