Արմաշ

3021_1043479575708546_9105556186105259678_n

Մակերես` 17.2կմ2

Բնակչություն` 2685

Գյուղ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում հիմնադրվել է 1926 թ-ին Կոստանդնուպոլսից եկածների կողմից: Ընկած է Երևան քաղաքից 65 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Սահմանակից է Նախիջևանին, մոտ 4 կիլոմետր, Թուրքիային, մոտ 7 կիլոմետր: Նախկինում կոչվել է Յայջի, իսկ հետո Կոստանդնուպոլսի մոտ` Նիկոմեդիայում գտնվող հայտնի Արմաշ (Ս.Խաչ) վանքի անունով:

1723169_1043479515708552_3568766934405758008_n 1914062_1043479489041888_2972689687029548559_n

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -10-ից -34: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 28-ից 40 աստիճան, իսկ առավելագույնը` 43 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:

1914062_1043479489041888_2972689687029548559_n 1957996_1043479475708556_4698701373500240049_n

Գյուղի վարչական տարածքում կան արհեստական բազմաթիվ ձկնաբուծական լճեր: Ասել պարզապես, որ Արմաշի ձկնաբուծական լճերը թռչնադիտարկման ամենատպավորիչ վայրն են ողջ Արևմտյան Պալեարկտիկայում, հավասար կլինի գրեթե ոչինչ չասելուն այս հիասքանչ և անկրկնելի վայրի մասին։ Արմաշը Կովկասի թռչնաբանական կարևորություն ունեցող ամենահարուստ կետերից է և միակ վայրը, որտեղ կարելի է հանդիպել Հայաստանի թռչնաշխարհի ամենամեծ բազմազանությանն ու կոնցենտրացիային։ Տարվա տարբեր եղանակներին զարմանահրաշ այս վայրում հանգրվանում են թռչունների մոտ 220 տեսակ:

1926 թ-ին ունեցել է 32, 1939 թ-ին` 228, 1959 թ-ին` 1144, 1979 թ-ին` 2082 բնակիչ: Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 2685 մարդ, որից 49.7% տղամարդիկ են, իսկ կանայք` 50.3%: Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 31%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 56%,  հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 654 տնտեսություն: Գտնվում է կարևոր ռազմաստրատեգիական գոտում:

12321174_1043479485708555_7669164960186093449_n 10389069_1043479692375201_7560459771979710931_n

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է և անասնապահությունը համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1416 հա: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր կազմելով մոտ 640 հա: Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով մոտավոր 273հա և 130հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ և այլն ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են և օգտագործվում են վարելահողեր, արոտավայրեր (262հա) և խոտհարքեր (59հա): Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման, խմելու ջրերի ջրագծերի վերանորոգումն է, քանի որ հաճախակի են երաշտները:

Գյուղում 1990-ականներից գործում է խոշոր ալրաղաց «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, որը լուծում է մեծաքանակ աշխատատեղ և մեծ կարևորություն ներկայացնում գյուղի բնակչության չարտագաղթման համար:

1953թ-ին Արմաշում հիմնադրվել է Ակադեմիկոս Արսեն Հայրիանի անվան առողջության կենտրոնը, որպես գյուղական բժշկական տեղամաս, իրանահայ հայրենադարձներով նոր կազմավորված Արմաշ գյուղում/ նախկին ՀԽՍՀ Արարատի շրջան/. Հիմնադիրը` ԽՍՀՄ բժկագիտւթյան ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր Արսեն Պետրոսի Հայրիյան, որի անունը ներկայումս կրում է: 1962թ կառուցվել է նոր հիվանդանոց` 25 մահճակալ թերապեվտիկ, մանկական և ծնունդօգնություն բաժանմունքներով: 1964թ կառուցվել է բուժամբուլատորիայի առանձին մասնաշենքը, որը սպասարկում էր Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերը: 1987թ կառուցվել է հիվանդանոցի նոր մասնաշենքը` թերապևտիկ, մանկական, ծնունդօգնություն, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներով: 1987թ –ից հիվանդանոցը վերանվանվել է ,,Արմաշի գյուղական առողջության կենտրոն,, որտեղ 1987թ անց է կացվել ԽՍՀՄ բժշկագիտության ակադեմիայի արտագնա նիստը, նվիրված սոցիալ հիգիենայի և առողջապահության զարգացման հիմնախնդիրներին: Արմաշի առողջության կենտրոնը սպասարկում էր նախկին Արարատի շրջանի Երասխի տարածաշրջանի և մոտակա լեռնային գյուղերը: 2001թ հիվանդանոցում բացվել և ծավալվել է հոգեբուժական բաժանմունք: 2006թ Արմաշ ԱԿ-ն վերապրոֆիլավորվել է, դառնալով հոգեկան հիվանդների բուժման և խամքի կենտրոն: Արմաշ ԱԿ-ի սպասարկման շրջանակները հիմնականում Արարատի մարզն է, հարակից մարզերը և Երևան քաղաքը:

Գործում են նաև սպորտային՝ Սանդա ՈՒՇՈՒ-ի և պարի խմբեր: ՈՒնեցել է Եվրասիայի՝ Խաչիկ Շամիրյան ու աշխարհի՝ Սարգիս Սարգսյան մարզիկ չեմպիոններ: Գործել է սանիտարական կուլտուրայի թանգարան` միակը իր տիպի մեջ Հայաստանի գյուղական բնակավայրերում, որը ավերվել ու ոչնչացվել է:

 

Արմաշը Արարատ մարզի այն գյուղերից է, որի յուրաքանչյուր տան պատուհանից երևում է հայ-թուրքա- իրանա-ադրբեջանական սահմանը, որոնց պատերին Հայ-ազերական պատերազմի ժամանակ թշնամու գնդակներն անցքեր էին փորում: Չնայած ռումբերի տարափին ու ավերածություններին, գյուղացիները շարունակում էին մնալ իրենց գյուղում, ժամանակ առ ժամանակ գյուղից տարհանելով միայն փոքրերին ու տարեցներին, իսկ հիմնականում բոլորն էլ մնում էին իրենց տներում շարունակելով աջակցել  հայրենիքի սահմանը պաշտպանող ազատամարտիկներին: Ռմբակոծությունների ժամանակ, որոշ բնակիչներ ընտանիքներով չէին լքում գյուղը դրանով ոգևորելով մեր սահմանապահ ֆիդայիններին:Ռմբակոծությունից զոհվածներին ու մահացածներին թաղում էին վաղ լուսաբացին, որպեսզի թշնամին չնկատեր: Պատերազմի տարիներին գյուղից եղան զոհեր և՛ խաղաղ բնակիչներից, և՛ մարտի դաշտում: Ու չնայած այդ ամենին արմաշցին շարունակում է ապրել գյուղում և ապրեցնել գյուղը, դրանով իսկ անառիկ պահել սահմանը: Սահմանին ապրող յուրաքանչյուր գյուղացի ինքը զինվոր է: Նրանցից յուրաքանչյուրը ամեն օր զգում է մահվան սպառնալիքն ու չի սարսափում նրանք չեն վախենում թշնամու գնդակից, քանզի գիտակցում են, որ չլքելով բնակավայրերը պահպանում են գյուղը և հայկական սահմանը, հայրենի հողը:

 

Գյուղի հիմնական խնդիրն է ոռոգման ու խմելու ջուրը, փորձ է արվել գառնու ջրագիծ մտցնել գյուղ, սակայն ոչ բոլոր փողոցներն են ջրաֆիկացված, ջուրն էլ տալիս են անկանոն: Սարերից էլ եկող Ասնիի ջուրը, որ տարիներ ի վեր գյուղի հիմնական ջուրն է եղել և՛ խմելու և ոռոգման արդեն խցանված խողովակաշարի պատճառով լիարժեք չի հասնում գյուղ:

ԽՍՀՄ տարիներին գյուղի փողոցները ասֆալտապատ և լուսավորված էին, պատերազմի տարիներին տանկերի և զրահամեքենաների թրթուրների տակ և ռումբերի պայթյունների պատճառով գյուղի փողոցները քանդվեցին և միայն երկու տարի առաջ ասֆալտապատվեցին կենտրոնական ու Մ. Նիկողոսյանի անվան փողոցի կեսը, իսկ լուսավորվել է կենտրոնական ու մինչև դպրոց և հիվանդանոց տանող ճանապարհը:

Այսօր արմաշցիներին մտահոգող խմելու և ոռոգման ջրի խնդիրներին զուգահեռ, կյանքի համար բոլոր անբարենպաստ պայմաններին ու կյանքին սպառնացող վտանգներին, թշնամու անդադար սպառնալիքներին զուգահեռ, նրանք մտածում են իրենց երեխաներին մի քիչ ավելի բարեկեցիկ և ուրախ մանկություն նվիրելու մասին: Գյուղը գեղեցիկ այգի է ունեցել, որը 90-ական թվականների ցրտի և ռմբակոծությունների հետևանքով ամայացել է: Վերջերս, «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի և Արարատի մարզպետարանի աջակցությամբ պարսպապատվել է, իսկ 2015թ-ին բարերար Ապրես Զոհրաբյանի և այլոց աջակցությամբ այգում տեղադրվել են ճոճանակներ երեխաների համար: Գյուղացիները մեծ ցանկություն ունեն վերականգնված տեսնել այգին, 2016թ Արմաշի հիմնադրման 90 ամյակի առթիվ նպատակ կա այգին ևս կանաչապատել: Արդեն 11.03.2016թ, տնկեցինք այգու առաջին ծառերը՝ 105 թխկի, 50 հուդայի ծառ և 50 այ՛ թփեր: Գյուղի բնական և աշխարհագրական հարմար դիրքը թույլ է տալիս այն դարձնել զբոսաշրջության շահավետ կենտրոն՝ սարերը դաշտերը և Բիբլիական Արարատի աննման պատկերը:

Նախկինում իր նմանը չունեցող ու կանաչ այգու պես ամայացած ու աղբանոցի է վերածված գյուղի մարզադաշտն ու լողավազանը: Նախաձեռնություն կա 2016 թվականին վերականգնել մարզադաշտը բարեկարգել ու շահագործել, քանի որ դա ավելի կակտիվացնի գյուղի երիտասարդության սպորտային առօրյան, արդեն համայնքի ղեկավարի ու գյուղի ակտիվ երիտասարդների ջանքերով վերականգնվել են դարպասները: Անհրաժեշտություն կա պարսպապատել ու ցանկապատել մարզադաշտը աղտոտումից զերծ պահելու նպատակով: Սակայն ոչ մի ներդրում մինչ օրս Արմաշում չի եղել, այնինչ կարելի բարեկարգելով հսկայական լողավազանն ու հարակից մարզադաշտը դարձնել զվարճանքի ու առողջ ապրելակերպի կենտրոն, որը ավաղ աղբանոցի է վերածվել և մինչ օրս էլ սպասում ենք, որ բարերար մարդիկ ուշադրություն կդարձնեն Արմաշին ու Արմաշի երիտասարդներին հաճելի անակնկալ կմատուցեն:

Արմաշ գյուղի սարերում է գտնվում Ասնի հին բնակավայրը իր ժայռափոր վանք քարայրով: Որքան էլ, որ ցավալի է սակայն փաստ է, որ ամեն օր որոշակի ժամերի այս տարածքում Նախիջևանի սահմանից հնչում է մոլլայի ազզան, իսկ մինչ օրս ոչ մի եկեղեցու զանգի ձայն այս տարածքում չի հնչեցվել, քանի որ ո՛չ Արմաշում, և ո՛չ էլ հարակից բնակավայրերում եկեղեցի չկա: Ցավալի է նաև այն, որ որպես սահմանամերձ բնակավայր, պետական արտոնություններից բնակչությունը չի օգտվում ու պետական կամ այլ ծրագրեր չեն իրականացվում գյուղի բնակչության կենսակերպը զարգացնելու և հեշտացնելու նպատակով: Միայն հատուկենտ բարեգործներ, կամ բարեգործական ՀԿ-ներ են աջակցում գյուղին՝ օրինակ Ապրես Զոհրաբյանը խաղահրապարակի մասով, Օգնենք երեխաներին բարեգործական ՀԿ-ն գյուղի երեխաներին ու զոհվածների ընտանիքներին տրված օգնությունների մասով:

Տիգրան Մաթևոսյան