Բարի գալուստ Վահան գյուղ (թարմացված)

Վահան գյուղը (նախկին ՀՀ Կրասնոսելսկի շրջան, գյուղ Օրջոնիկիձե) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք, Միափորի և Սևանի լեռնաշղթաների միջև:
Մակերեսը՝ 0,4365 կմ2:
Բնակչությունը՝ 1214 մարդ:
Վահան գյուղը տեղակայված է բարձր լեռնային գոտում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2000մ: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոն Գավառից՝ 105 կմ: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3,0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ:

Վահան գյուղը հարուստ է բարձրադիր լեռներով, անտառներով, սարերից հոսող սառնորակ աղբյուրներով, վարելահողերով, խոտհարքներով…
Վահան գյուղը գտնվում է Գետիկ գետի վերին հոսանքում: Գետը հարուստ է եղել կողակ, սիգ, բեղլու ձկնատեսակներով, սակայն աղտոտվածության պատճառով կտրուկ նվազել է ձկների թիվը, ինչպես նաև չափսերով փոքրացել են: Աղտոտվածությունը ազդում է նաև գետի և գետի շրջակա տարածքի բուսական աշխարհի վրա:
Վահանում կան թռչունների և կենդանիների շատ տեսակներ: Կենդանիներից տարածված են գայլերը, աղվեսները, փորսուղները, վայրի նապաստակները, ինչպես նաև կրծողների շատ տեսակներ: Իսկ թռչուններից տարածված են ճնճղուկը, սարյակը, ագռավը, ուրուն, բազեն, փայտփորիկը, հոպոպը, կկուն, կաչաղակը, բուն, արտերում ՝ լորը, իսկ չվողներից ՝ ծիծեռնակը: Կան նաև միջատների շատ տեսակներ:
Գյուղից 7 կմ արևելք կան Կիկլոպյան ամրոցի (մ.թ.ա. 1 հազարամյակ) մնացորդներ։

Գյուղը հիմնադրվել է 1925 թվին և մինչ 1953 թ–ը կոչվել է Ռուբենակերտ՝ Ռուբեն Դաշտոյանի պատվին, իսկ 1953-1991-ը կոչվել է Օրջոնիկիձե: Տեղացիները անվանել են նաև Ջրդխան: Խորհոդային կարգերի փլուզումից հետո՝ 1991 թ-ին, վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս:

Համայնքում գործում է միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:
Գյուղի բնակչությունը զբաղվում է հիմնականում կաթնամսատու անասնապահությամբ, դաշտավարությամբ, բուսաբուծությամբ (հատկապես կարտոֆիլի, կաղամբի, գարու, աշնանացան ցորենի մշակությամբ), նաև ոչ այնքան շատ տարածված մեղվաբուծությամբ:

Վահան գյուղի ձեռքբերումներն ու հիմնախնդիրները

Վերջին տարիների գյուղը ձեռքբերումներից են 2011թ. գյուղի կենտրոնական փողոցի ասֆալտապատումը, ինչը կարևոր նշանակություն ունի բնակչության համար, 2015 թ. գյուղի կենտրոնական փողոցը ապահովվեց գիշերային լուսավորությամբ, իսկ երկրորդական փողոցները՝ մի փոքր ուշ: Տարիներ շարունակ գյուղում չէր գործում մանկապարտեզ: 2013 թ. այն վերանորոգվեց և այժմ գործում է:
Գյուղում կա վերանորոգված դպրոց, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամալիր: Գյուղը ապահովված է բնական գազով և ջրով:
Դրա հետ մեկտեղ Վահանը ունի մի շարք հիմնախնդիրներ:
Նախ և առաջ գյուղի մշակույթի տունը վերանորոգված չէ: Կարևոր հիմնախնդիրներից մեկն այն է, որ այստեղ չկան մշակութային խմբակներ, երիտասարդների զբաղվածության կենտրոններ: Գյուղը չունի եկեղեցի, գյուղատնտեսական անհրաժեշտ տեխնիկա:
Վահանը սահմանապահ գյուղ է: Պատերազմի տարիներին այս փոքրիկ գյուղը ունեցել է շատ զոհվածներ: Այժմ Վահանը ունի աջակցության կարիք: Այս հիմնախնդիրներից մի քանիսի լուծման դեպքում գյուղը կլինի ավելի բարեկարգ վիճակում:
Դպրոցին, մանկապարտեզին, գյուղի ճանապարհների լուսավորության հարցերում մեծ աջակցություն է ցուցաբերել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Իսկ երեխաներին տարբեր հարցերում աջակցում է World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակը:

Հեղինակներ՝
Լիլյա Ապրեսյան
Լիլիթ Մկրտչյան
Հասմիկ Մկրտչյան