Տիկնիկային ներկայացում Մովսես գյուղում

movsestik3

Սիրելի՛ խմբակիցներ, սիրով ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ նոյեմբեր ամսվա մեր համատեղ դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ Մովսես գյուղում կազմակերպել տիկնիկային ներկայացում Մովսեսի և Այգեպարի երեխաների համար:

Նոյեմբերի 16-ին, մենք՝ նախաձեռնության մի քանի անդամներս և Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 10 հոգանոց անձնակազմը` փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանի գլխավորությամբ, ուղևորվեցինք Տավուշի մարզ` գյուղ Մովսես: Այնտեղ մեզ արդեն դիմավորեցին Մովսեսի և Այգեպարի` նախապես հրավիրված երեխաները: Մինչ երեխաները արագ իրենց տեղերն էին զբաղեցնում Արշալույս Փոլադյանի անվան մշակույթի տանը, կուլիսներում թատրոնի անձնակազմը արագ նախապատրաստում էր բեմը: Տասը րոպե անց վարագույրները բացվեցին, և երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին «Անխելք մարդը» ներկայացումը: Ներկայացումն, իսկապես, երեխաներին շատ դուր եկավ, ինչի մասին վկայում էին երեխաների ուրախ բացականչություններն ու ծափերը և՛ ընթացքում, և՛ հատկապես վերջում: Մենք ևս միանում ենք երեխաների ծափահարություններին և մեր խորին շնորհակալությունը հայտնում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի անձնակազմին սրտացավ վերաբերմունքի, անշահախնդիր մոտեցման և, իհարկե, շատ լավ ներկայացման համար:

movsestik movsestik2 tik

Ավելացնենք նաև, որ մինչ երեխաները թատրոն էին դիտում, մեր նախաձեռնության անդամներից մի քանիսն էլ անապահով ընտանիքներին բաժանում էին հագուստ և որոշ քանակությամբ սնունդ, որը մեզ տրամադրել էին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի երեխաները: Շնորհակալ ենք նաև դպրոցի անձնակազմին և երեխաներին` մեր ծրագրերին մշտապես աջակցելու և մեր կողքին լինելու համար:
Այս ամենի իրականացումը հնարավոր չէր լինի առանց ձեզ, մեր` արդեն միասնական խմբի սիրելի´ մասնակիցներ, մտահո´գ քաղաքացիներ, ուստի շնորհակալ ենք ու շնորհավորում ենք նաև ձեզ ու առաջարկում նախապատրաստվել ու դրամահավաք սկսել ամանորյա միջոցառումների համար:
Սիրով՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն:

comments