100 ռուբայաթ՝ Ցեղասպանության 100-ամյակին (տեսանյութ)

2

Մեկ տարի շարունակ ստեղծագործող, «Աջակցենք սահմանամերձ համայնքներին» նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Էյրամջյանը իր քառատողերը՝ շուրջ 100 ռուբայը, պարբերաբար հրապարակում էր ֆեյսբուքյան իր էջում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «100 ռուբայաթ»-ն իր ստեղծագործությունների առաջին գիրքն է, եւ նա իր առջեւ մի պայման էր դրել՝ եթե հասցնի մեկ օրացուցային տարվա ընթացքում գրել 100 ռուբայաթ, ապա այն կհրատարակի. «Առաջին ռուբայը հրապարակել եմ անցած տարի՝ ապրիլի 24-ին, վերջինը հասցրեցի գրել անցած տարվա դեկտեմբերի 12-ին»:

100 ռուբայաթը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ամեն տարվա համար մեկական խորհրդանշական ռուբայ: Ինչո՞ւ ռուբայ, այլ ոչ՝ քառատող. հարցին Սուրեն Էյրամջյանը պատասխանում է. «Սա Մերձավոր Արեւելքի մշակույթի մի մասն է: Բանաստեղծության այդ ձեւն ի սկզբանե ընտրված էր ի նշան բարեկամության, երախտագիտության արաբ, պարսիկ այն ժողովուրդներին, որոնք եղել են առաջինը, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունից մեր փրկվածներին»:

Սուրեն Էյրամջյանը ստեղծագործում է եւ հայերեն, եւ ռուսերեն, սակայն այս ժողովածուն ռուսերեն է. «Սա քարոզչական նպատակ ունի. փորձում եմ այսպիսով իմ խոսքն ավելի հասկանալի դարձել ավելի լայն ընթերցողների շրջանակի համար: Չի բացառվում, որ գիրքը կտարածեմ նաեւ արտերկրում: Մինչ ժողովածուի հրապարակումը, ռուբայները հրապարակում էի նաեւ ֆեյսբուքյան հատկապես ռուսալեզու էջերում: Ժողովածուի առանցքով անցնում է  Հայոց ցեղասպանության թեման եւ առհասարակ ցեղասպանությունների թեման՝ Հոլոքոստ, եզդիների ցեղասպանություն: Կան նաեւ այլ խնդիրների արտացոլում՝ պատերազմներ, բնապահպանական խնդիրներ, մասսայական ոչնչացման զենք, նաեւ՝ կան ռուբայներ նվիրված սիրուն, մարդկային հարաբերություններին, խնդիրներին: Եթե ընդհանրացնենք՝ ամեն ինչի հիմքում դրել եմ մարդուն՝ որպես Երկիր մոլորակի տերը եւ բնակիչը»:

Շուրջ 500 օրինակ տպաքանակով լույս տեսած գիրքը Սուրեն Էյրամջյանը մտադիր է հիմնականում նվիրել. «Մի փոքր խմբաքանակ մտադիր եմ դնել նաեւ վաճառքի, սակայն ամբողջ հասույթը կուղղեմ «Աջակցենք սահմանամերձ համայնքներին»
նախաձեռնությանը»:

a1plus.am