Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկ

Ավարտվեց Լենիգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկը Երևանի քաղաքապետարան ներկայացնելու ստորագրահավաքը: Այսօր Երևանի քաղաքապետին ենք ներկայացնել հետևյալ նամակը, կից ներկայացնելով նաև թվով 8932 ստորգրույթուն և Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունը:

Հուսանք Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի այս առաջարկը և կտրվի դրական պատասխան:

Երևանի քաղաքապետ
Պարոն՝ Տարոն Մարգարյանին

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ձեզ են գրում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության, «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի և «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք իրականացրել ենք ստորագրահավաք Լենինգրադյան փողոցը Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկով: Ըստ սահմանաված կարգի՝ հավաքել ենք Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 1 տոկոսից ավելի մարդկանց ստորագրություններ, և առաջարկում ենք՝ ավագանու նիստում քննարկեք այս հարցը, և վերջապես Երևանում ունենանք մեր Արցախյան հերոսներից մեկի անունով փողոց:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լեոնիդ Ազգալդյանին: Նա այն առաջին մարդկանցից մեկն էր, ով հասկացավ, որ Արցախյան շարժումը տանում է դեպի ռազմական գործողություններ, և որ Արցախի հարցը լուծվելու է պատերազմի միջոցով: Նա իր ողջ ներուժը ներդրեց այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու մեջ: Նա մեծ ներդրում ունի թե՛ այն ժամանակվա հայրենական ռազմարդյունաբերության ձևավորման մեջ, թե՛ ազգային բանակ ունենալու գաղափարի սաղմնային ձևավորման գործում, թե՛ մարտական պատրաստության բարձր որակական ձևաչափի և մեթոդաբանության մշակման և ներդրման գործում, թե՛ բանակ մոդելի բոլոր առումներով ճիշտ իրագործման մեխանիզմների մշակման և կիրառման գործում: Նրա ներդրումը բանակաշինության, Արցախյան գոյամարտի և վերջապես ազգ-բանակ տեսլականի մոդելի ձևավորման և ներկայացման մեջ անուրանալի և անգնահատելի է: Կարծում ենք՝ եկել է նրան ըստ արժանվույն մեծարելու և Երևանում նրա անվան բանուկ փողոց ունենալու ժամանակը: Կարծում ենք նաև, որ Ձեզ համար նույնպես մեծ պատիվ է, որ այս իրողությունը ի կատար ածվի հենց ձեր իսկ կառավարման օրոք:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լենիգրադյան փողոցը: Նախ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Երկրորդ՝ վաղուց ժամանակն է Լենինի հետ առնչվող բոլոր անուններից ազատվելու: Որքան էլ մարդիկ փորձեն Լանինգրադ անունը առանձնացնել Լենինի անունից, վերջին հաշվով այն Լենինի անվան հետ սերտ կապ ունի: Լենինի հակահայ գործունեությանը բոլորս ենք ծանոթ. միայն նրա և քեմալական թուրքերի միջև կնքված հակահայ պայմանագրերը բավարար են նրա անունից ազատվելու համար: Եվ սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենիգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները կիմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր մեծ հերոսներից մեկի անունով:

2017թ-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 և անմահության 25 ամյակը: Կարծում ենք՝ դուք նույնպես համամիտ եք, որ նա իրոք արժանի է Երևանում իր անունով փողոց ունենալու պատվին, ավելի ճիշտ, այդ մեզ համար պատիվ կլինի նրա անունով փողոց ունենալը: Նման մեծություններին գնահատելն ու արժևորելը մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց: Նրանք իրենց գործը արել և հավերժացել են պատմության մեջ: Մենք պիտի լինենք նրանց արժանի հետևորդը և շարունակենք նրանց գործը: Այս անվանափոխությունը նաև մեծ ներդրում կլինի ձեր կողմից նոր սերնդի ճիշտ դաստիարակության գործում, իսկ սերնդի դաստիարակությունը այն գործն է, որի համար արժե կատարել ցանկացած ներդրում:

Մենք ուժեղ ենք միասին:

Հարգանքով՝

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
«Պարենք Հայերեն» նախաձեռնություն

comments