Ամանորյա միջոցառում Դովեղում և Բաղանիսում

dovex

Ահա և ավարտվեց 2014 թվականը` իր լավ ու վատ կողմերով: 2014թ. ծնվեց մի նախաձեռնություն, որը հայրենիքի սահմանները ամուր պահելու գաղափարախոսությունն ուներ ու «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսով համախմբեց ավելի քան երեք հազար մտահոգ մարդու: Նախաձեռնությունը իր գործունեության հիմքում կարևորեց հայ մանուկին, նրա հայրենասիրական դաստիարակությունը և աշխարհայացքը:

Օգոստոսյան թոհուբոհի ժամանակ նախաձեռնության մի խումբ անդամներ եղան սահմանամերձ գյուղերում` Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Մովսես, ծանոթացան խնդիրներին: Իրենց հետ տարել էին փոքրիկ նվերներ, որոնք տրամադրել էին մի քանի անհատներ և սոցիալական ծանր վիճակում գտնվող մի մարզի, այն է` Շիրակի «ԱՐԱՔՍ» ՀԿ-ի ղեկավար Ալլա Խաչատրյանը:

Մեկնելով սահմանամերձ բնակավայրեր` նախաձեռնությունը հասկացավ, որ տեղացիները առավել կարևորում են հոգևոր ու մշակութային աջակցությունը:

Նախաձեռնությունը այս նպատակով սեպտեմբեր ամսից կազմակերպեց դրամահավաք, բարեգործական աճուրդ, կինոդիտում և ընդունեց բոլոր մտահոգ մարդկանց կողմից առաջարկվող աջակցությունները:

Դրամահավաքի սկիզբը դրվեց սեպտեմբերի 28-ին, և ընդամենը երեք օրերի ընթացքում հավաքվեց 20.000 դրամ. սա ոգևորող սկիզբ էր:

Հոկտեմբերին արդեն կար հստակ ծրագիր, և այդ ծրագրի համաձայն` Այգեպար և Ներքին Կարմրաղբյուր գյուղերի ավագ դպրոցականների համար էքսկուրսիա կազմակերպվեց Հաղարծին և Գոշավանք պատմամշակութային վայրերով: Միջոցառմանը` հոկտեմբերի 12-ին, միացան նաև Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմանական դպրոցի 25 դպրոցականներ, և Այգեպար ու Ներքին Կարմրաղբյուր գյուղերից մոտ 65 աշակերտ, «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը և մեր այս խմբի ու խմբից դուրս բոլոր այն մտահոգ քաղաքացիները, որոնց շնորհիվ հոկտեմբերի դրամահավաքի արդյունքում ունեցանք 177.000 դրամ: Միջոցառման ողջ ծախսը կազմեց 142.000 դրամ, ինչը, իհարկե, շատ ավելին կլիներ, եթե մեզ չաջակցեին «Կարաս» թոնրատների ցանցը, «Ոսկեհատիկ» ՍՊԸ-ն և մի քանի անհատներ:

Նոյեմբերին նախաձեռնությանը միացան Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, և նոյեմբերի 15-ին Մովսես գյուղում Մովսես և Այգեպար գյուղերի երեխաների համար կազմակերպվեց տիկնիկային բեմադրություն` «Անխելք մարդը»: Այս միջոցառման ծախսը կազմեց 84.000 դրամ, նոյեմբերի դրամահավաքը` 123.000 դրամ: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը կրկին հավատարմորեն մեզ հետ էր. երեխաների կողմից հավաքված նոր և տաք հագուստներն ու սնունդը նվիրեցին Մովսես գյուղի անապահով ընտանիքներին:

Դեկտեմբերին նախաձեռնության մտահոգ անդամների` Սիրանուշ Նալբանդյանի, Հասմիկ Սարիբեկյանի, Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից տրամադրվեցին ձեռագործ իրեր, և կազմակերպվեց ֆեյսբուքյան բարեգործական աճուրդ, որի ողջ հասույթը տրամադրվեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ֆոնդին: Աճուրդից հավաքված գումարը կազմեց 181.200 դրամ: Իսկ դրամահավաքի արդյունքում հավաքվեց 447.000 դրամ: Այս գումարը թույլ էր տալիս Ամանորյա մի քանի միջոցառում կազմակերպել առավել հեռու սահմանամերձ Դովեղում և Բաղանիսում, որտեղ և միացան Ոսկեպար գյուղի մոտ 20 պատանիներ: Ամանորյա միջոցառոււմներին այս երկու գյուղերում էլ նախաձեռնությանը աջակցեցին «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամները՝ ազգագրական պարի շունչն ու ոգին արթնացնելով նաև այդտեղ ապրող փոքրիկների սրտերում, ինչպես նաև «Հեքիաթների աշխարհ» մանկական սրճարանի տրամադրած հեքիաթի հերոսների հագուստներով սրճարանի դերասանուհի Լուսինե Մանուկյանի կողմից բեմադրվեց հրաշալի մի ներկայացում, որի դերակատարները նախաձեռնության անդամներն էին: Դովեղ և Բաղանիս գյուղերում Ամանորյա միջոցառումներ կազմակերպվեցին դեկտեմբերի 20-21-ին, այստեղ իր աջակցությունը առաջարկեց Կողբի գեղարվեստի դպրոցը` ջերմ հյուրընկալությամբ և գիշերակացի տեղ տրամադրելով: Փոքրիկներին նվերներ տրամադրեցին նաև Երևանի Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի աշակերտները, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի աշակերտները և տնօրինությունը, Երևանի համար 50 հիմնական դպրոցի աշակերտները և ԵՊՄՀ կենսաբանության ֆակուլտետի մի խումբ մտահոգ ուսանողներ: Ամանորյա երկօրյա միջոցառումների ողջ ծախսը կազմեց 407.000 դրամ, քանի որ ավելի քան 300 սահմանաբնակ երեխա նաև ամանորյա նվեր ստացավ: Իսկ արդեն դեկտեմբերի 25-ին Մովսես գյուղի 21 երեխա մասնակցեց նախաձեռնության և «Հայրենիքի դարպասներ» Հկ-ի կողմից կազմակերպված Երևանյան միջոցառմանը: Երևանյան էքսկուրսիայի ամբողջական ծախսը կազմեց 111.000 դրամ, երեխաները եղան «Նավապետ Քիդս» մանկական ժամանցային կենտրոնում, որտեղ անսահմանափակ օգտվեցին բոլոր տեսակի խաղերից, անմոռանալի ժամեր անցկացրին: Այցելությունը կազմակերպվել էր «Նավապետ Քիդս» ժամանցային կենտրոնի առաջարկով և «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի աջակցությամբ, ինչպես նաև այցելեցին Մատենադարան և Հանրապետության հրապարակից ստանալով իրենց Ամանորյա նվերները` ճանապարհվեցին հայրենի գյուղ` լի տպավորություններով:

Նույն օրը Այգեպար մեկնող մի խումբ մանուկների միջոցով Այգեպար գյուղի թվով 26 երեխայի նախաձեռնությունը ուղարկեց նվերներ, ինչպես նաև կարողացավ աջակցություն ցուցաբերել Քարվաճառում բնակվող բազմազավակ մի հերոս ընտանիքի 6 երեխաների` տամադրելով նրանց ամանորյա նվերներ և հագուստ:

Անցած երեք ամիսների ընթացքում դրամահավաքի արդյունքում հավաքվել է 770.772 դրամ, բարեգործական աճուրդից` 181.200 դրամ, ընդհանուր` 951.972, իսկ ծախսը կազմել է 744.600 դրամ:

Այսպիսով, 2014 թվականը ավարտվեց դրական մնացորդով` 207.000 դրամ, որը հունվար ամսվա դրամահավաքի հետ նորանոր կրթական և մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորություն կընձեռի:

 

Մենք ուժեղ ենք միասին:

Leave a Reply

Your email address will not be published.